IMG-LOGO

Միքայել Մինասյանի «Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն» երկհատոր գիտական մենագրության շնորհանդեսը Երևանի Մերիդիան կենտրոնում Համահայկական Էքսպո 26-ի շրջանակում

07-11-2026
IMG

2026թ-ի նոյեմբերի 7-ին ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի կողմից Սփյուռքի Համահայկական Գագաթաժողովի շրջանակում «Մերիդիան» կենտրոնում կազմակերպված համաշխարհային Հայկական էքսպո 26-ի ընթացքում  Գերմանիայի Հայ-Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միությունը, Գերմանահայ իրավաբանների միությունը և Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան՝ ՀԵՄԱ-ն, մեկ տաղավարով ներկայացրին իրենց պրոֆիլն ու գործունեությունը։

 

ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը կազմակերպել էր նաև իր իսկ հեղինակած «Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն» գիտական մենագրության Ա  և Բ հատորների շնորհանդեսը, որն անցավ բուռն քննարկումներով, հետաքրքիր  հարցադրումների պարզաբանմամբ և ԶԼՄ-ների ուղեկցությամբ։

 

Մենագրության հեղինակը մանրամասն ներկայացրեց համազգային գաղափարի իրագործման  ճանապարհի հնարավոր և անհնարին   դժվարություններն ու  նրանց հաղթահարման ուղիները։

 

Հայ ժողովրդի գոյատևման պայքարի  դաժան ճակատագիրը,  մաքառումներով լի անցած ճանապարհը  միշտ մտածելու, խորհելու, ուղիներ փնտրելու, աշխարհասփյուռ հայությանը  իմի բերելու  որոշման փաստի առաջ է կանգնեցրել։

 

Եվ այսօր մեր սեղանին է դրված «Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն» գիտական մենագրությունը։

 

Տեսության հեղինակը հստակ, մանրակրկիտ վերլուծությամբ, իր զարգացման փուլերով, մաթեմատիկական բանաձևումներով բարձրացնում է  հայությանը հուզող, մտահոգող խնդիրները։ Տեսության ստեղծումն ունեցել է փուլային հետևյալ ընթացքը․

  • 2000թ․ սկզբնական տեսական միջավայրի ուսումնասիրում,
  • 2000-2020թթ․Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման դիտարկում,
  • 2020թ պատերազմից հետո առաջացած անվտանգային ճգնաժամի ամրագրում,
  • 2026թ․-ից թվային կառավարման և արհեստական բանականության ժամանակակից փուլի հնարավորություններից օգտվելը։

 

Գիտական այս աշխատությունը հիմնվում է համակարգայնագիտության, սփյուռքագիտության, պատմագիտության, տնտեսագիտության, մշակութաբանության, կրթական և հոգևոր բնագավառի գիտական աշխատությունների և ՏՏ ժամանակակից տեսությունների վրա։ Նրա նորույթը Համահայկական Դաշինքի անունը կամ առանձին կառավարման մարմինների առաջարկը չէ, այլ դրանց հիմքում ընկած համակարգային հարաբերության բացատրությունն է։

 

Առաջ քաշելով ներքոնշյալ բովանդակային վարկածները՝ մենագրության մեջ առաջադրվում են հետևյալ նոր տեսական դրույթները, որոնք կարելի է համարել հայկական աշխարհում գյուտեր․

 

1. Ապատարածքային ազգային համակցման տեսություն

Ազգի կազմակերպումը պարտադիր չէ ամբողջությամբ համընկնի մեկ պետական տարածքի հետ։ Միաժամանակ այն չի կարող պետությունից անկախ ձևացնել ինքնիշխան իշխանություն։

Առաջարկվում է միջանկյալ կառուցվածք՝ պետության շուրջ, բայց ոչ պետության ներսում ամբողջությամբ լուծարվող սահմանանց պայմանագրային համակարգ։

 

2. Համակցում՝ առանց միաձուլման

Ինքնավար համակարգերը ձևավորում են ընդհանուր որոշումների սահմանափակ ոլորտներ՝ պահպանելով իրենց իրավական և գործառութային սահմանները։

 

3. Երկուղի ներկայացուցչություն

Համադրվում են՝

· անհատական մասնակցությունը,

· կազմակերպությունների ինստիտուցիոնալ ներկայացուցչությունը։

Դրանցից ոչ մեկը չի վերացնում մյուսին, սակայն նույն անձի կրկնակի մանդատը կանխվում է։

 

4. Եռաթև բազմակենտրոն կառուցվածք

Քաղաքական, տնտեսական և կրթամշակութային գործառույթները բաշխվում են տարբեր առաջնային կենտրոնների միջև։ Այդ բաշխումը ոչ թե հայկական աշխարհի տարածքային բաժանում է, այլ իշխանության կենտրոնացման դեմ համակարգային հակակշիռ։

 

5. Պատմական արդարությունը որպես համակարգային ինտենցիա

Պատմական արդարությունը չի սահմանափակվում անցյալի ճանաչմամբ։ Այն կապում է՝

·         պատմական ճշմարտությունը,

·         իրավական պահանջը,

·         նյութական վերականգնումը,

·         մշակութային շարունակականությունը,

·         ապագա հայկական կենսունակությունը։

 

6. Հայապահպանումից դեպի հայազարգացում

Հայկական ինքնության վերարտադրությունը ներկայացվում է ոչ միայն որպես կորստի կանխում, այլև նոր գիտելիքի, լեզվական կարողության և մշակութային արժեքի ստեղծում։

 

7. Ֆինանսական և պատմական ազդեցության համակցված գնահատում

Ծրագրերի ընտրությունը չի սահմանափակվում շահութաբերությամբ, բայց նաև չի ազատվում ֆինանսական պատասխանատվությունից։ Մշակվում է ֆինանսական կենսունակությունը, սոցիալական ազդեցությունը, պատմական արդարության նպաստը և մնացորդային ռիսկը համադրող մաթեմատիկական մոդել։

 

Ազգային ինքնության պահպանումը հայի համար ամենամտահոգիչ հարցն է, քանի որ նա ունի աշխարհագրորեն տարածք չճանացող Սփյուռք, որտեղից էլ առաջ է գալիս հայկական աշխարհի համակցման, ոչ թե միաձուլման գաղափարը։ Համակցումը միաձուլումից տարբերվում է նրանով, որ չի  վերացնում մասերի ինքնուրույնությունը։

 

Հստակ   տրվում է  հայկական Սփյուռքի առաջացման հիմքերը, պատճառները՝ կապված պատմական իրողությունների, քաղաքական իրավիճակների և շատ այլ հանգամանքների հետ։ Այն բազմաշերտ է՝ նախաեղեռնյան ցանցեր, եղեռնից հետո սփռվածություն աշխարհով մեկ, փախստականի կսրգսվիճակից դեպի համայնքային հաստատության ձևավորում, ապա հետխորհրդային  արտագաղթ և նոր սփյուռքայնություն։

 

Հայաստանի Հանրապետությունն, այսինքն՝ մայր հայրենիքն, ունի պետական ինքնիշխանություն և սահմանադրական իրավասություններ, որոնք չեն կարող փոխանցվել սփյուռքյան կառույցներին։ Բայց երկուսն էլ ունեն ընդհանուր պատմական հիշողություն, մշակութային ժառանգություն և մայր Հայաստանի հետ իրական կամ խորհրդանշական կապ, բայց չունեն այդ կապերի շարունակական որոշումները համատեղ գործողությունների վերածող համընդհանուր կառուցվածք։

 

Մենագրությունը տալիս է ուղղորդում՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով առանձին հայկական կառույցները կարող են ընդհանուր նպատակի շուրջ ձևավորել համատեղ հաղորդակցությունների և որոշումների էկո-համակարգ՝ չկորցնելով իրենց իրավական և մշակութային ինքնավարությունը։

 

Աշխատության բոլոր մասերը միավորող ինտենցիան՝ հեռահար նպատակը, պատմական արդարության վերականգնումն է, որը չի կարող սահմանափակվել միայն ճանաչմամբ, դատական պահանջով կամ հիշատակի ոգեկոչման արարողությամբ։

 

Պատմական արդարության վերականգնումը ներառում է պատմական  ճշմարտության գիտական հաստատում և ճանաչում, զոհերի և նրա ժառանգների արժանապատիվ, որպես հետնորդների, ճանաչում, ինչպես նաև միջազգայնորեն հաստատված փոխհատուցում՝ նյութական, մշակութային ժառանգության վերականգնում և դրանց շարունակականության ապահովում։

Պատմական արդարությունը միայն անցյալին ուղղված պահանջ չէ, այն ապագայի կառուցումն է, որի մեջ պատմական խզված հայկական կյանքը ձեռք կբերի ինքն իրեն շարունակելու կարողություն։

 

Համահայկական համակարգը, ի դեմս այլ հաստատությունների և գործունեության ոլորտների գործառույթների իր մեջ ինտեգրմանը, միաժամանակ պետք է ճանաչի նաև Հայ առաքելական, կաթոլիկ և Հայ ավետարանական եկեղեցական համայնքների ժառանգությունը և նրանց դերը հայի ինքնության պահպանման գործում։

 

Տեսությունն իր բոլոր փուլային լուծումների դրույթներով դառնում է մշտարթուն գործող ծրագիր՝ առաջադրող տարբերակներով, որը չի թողնի մարի ապագայի, նպատակին հասնելու հույսը, հայության` համակցման տեսության  երազանքը։


Պատկերասրահ

Տեսադարան