Մարտի 15-ին ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաներն ու ծնողները ուսուցչական անձնակազմի հետ միասին կատարեցին պատմական շրջայց դեպի Hardenbergstrasse 4 և 17 հասցեներ, որտեղ պատմաբան դր. Հայկ Մարտիրոսյանը նրանց համար լուսաբանեց Հայոց Ցեղասպանության հետևանքում կազմակերպված «Նեմեսիս» օպերացիայի և դրա հետ կապված հայ ականավոր վրիժառու Սողոմոն Թեհլերյանի վերաբերյալ մանրամասները:
Հավաքված հետաքրքրասերները սկզբում այցելեցին այն տան բակը, որտեղ բնակվել և այդտեղից փողոցի հանդիպակաց մասում գտնվող շենքի 2-րդ հարկում ապաստանած և ծպտված Հայոց Ցեղասպանության գլխավոր ոճրագործներից մեկին՝ Թալեաթ փաշային էր մշտադիտարկել ու հետապնդել մինչև նրան 1921թ.-ի այս նույն օրը սպանելը: Այս շենքի բակում Պոտցդամի Լեպսիուսի տուն-թանգարանի գիտաշխատող դր. Հայկ Մարտիրոսյանը հավաքվածներին պատմեց Սողոմոն Թեհլերյանի և 5 այլ հայ վրիժառուների կյանքի, «Նեմեսիս» օպերացիան կազմակերպելու և անցկացնելու մեջ նրանց դերակատարության մասին: Այնուհետև ներկաները տեղափոխվեցին այն տեղը, որտեղ իրագործվել էր ոճրագործի մահապատիժը:
Կրթական այս շրջայցը ոչ միայն դպրոցի սաների համար էր ուսուցողական, այլև բավականին մանրամասն տեղեկատու էր նաև ծնողների համար: Մեկ բան հստակ էր այս հիշարժան օրվա խորհրդում. ոչ մի ոճրագործություն և ոչ մի դավաճանություն երբևէ անպատիժ չի մնացել և չի մնա: