IMG-LOGO

Միքայել Մինասյան․ «ՍՓՅՈՒՌՔ – ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՐ Ա Համակարգային տեսությունը և քաղաքական-իրավական ճարտարապետությունը»

16-11-2026
IMG

ԱՆՈՏԱՑԻԱ

 

«Սփյուռք–Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն» գիտական մենագրության Հատոր Ա-ն՝ «Համակարգային տեսությունը և քաղաքական-իրավական ճարտարապետությունը», նվիրված է Հայաստան–Սփյուռք հարաբերությունների համակարգային վերաիմաստավորմանը և դրանց ինստիտուցիոնալ կազմակերպման տեսական, մեթոդաբանական ու քաղ-իրավական հիմքերի մշակմանը։

 

Աշխատության ելակետն այն դրույթն է, որ Հայաստանը և աշխարհասփյուռ հայկական համայնքները կարող են դիտարկվել ոչ միայն որպես պատմամշակութային ընդհանրությամբ փոխկապակցված հատվածներ, այլև որպես տարբեր հասարակական համակարգերում գործող, ինքնուրույն կառուցվածքներ ունեցող ենթահամակարգեր, որոնց միջև հնարավոր է ձևավորել կայուն, գործառութային և ինստիտուցիոնալացված համակցման մեխանիզմներ։ Այդ համատեքստում քննության են առնվում համակարգ, ենթահամակարգ, սահման, հաղորդակցություն, ինքնություն, հիշողություն, գործառութային տարբերակում, փոխկախվածություն և համակցում հասկացությունները։

 

Հատորում համակարգային տեսության մեթոդաբանական գործիքակազմը կիրառվում է Հայաստան–Սփյուռք հարաբերությունների քաղաքական և իրավական ճարտարապետության կառուցման համար։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում ինստիտուցիոնալ ներկայացուցչությանը, անհատական և կազմակերպական մասնակցությանը, իրավասությունների բաշխմանը, բազմամակարդակ կառավարմանը, որոշումների ընդունման և լեգիտիմացման մեխանիզմներին, ինչպես նաև իրավական պատասխանատվության, վերահսկողության և վեճերի կարգավորման սկզբունքներին։

 

Մենագրությունը ձգտում է անցում կատարել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների առավելապես բարոյական, մշակութային կամ իրավիճակային ընկալումից դեպի կառուցվածքային և գործառութային համակցման գիտական մոդելին, որտեղ ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը և համազգային պատասխանատվությունը փոխկապակցվում են ինստիտուտների, իրավական նորմերի, կառավարման մեխանիզմների և չափելի համակարգային հարաբերությունների հետ։

 

Աշխատությունը նախատեսված է համակարգային տեսության, սփյուռքագիտության, քաղաքագիտության, իրավագիտության, հանրային կառավարման և հայկական ուսումնասիրությունների մասնագետների, հետազոտողների, դասախոսների և ուսանողների, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացման խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և փորձագետների համար։

 

«Միայն ամբողջական լուծումներով է հնարավոր մասնատված և տարբեր համակարգային բարդույթներով ծանրաբեռնված Հայաստանի և աշխարհասփյուռ հայերին միավորել։»

                                   Միքայել Մինասյան

 

Այս գիտական մենագրության հատոր Ա-ն կարող եք գտնել հետևյալ հղումում․

https://haygirk.nla.am/upload/1941-/minasyan_spyurq_hayastan_b_2026.pdf