IMG-LOGO

Քանոնի և սանթուրի վարպետաց դասեր ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցի սաների համար

31-05-2026
IMG

Մայիսի 31-ին Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու ուսուցչական կազմը դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանի ղեկավարությամբ, ովքեր նախորդ օրը Բեռլինի Կարլսհորստի մշակույթի տանը հրաշալի երաժշտական կատարումներով հիացրել էին հանդիսատեսին, հյուրընկալվեցին Եվրոպացի և Հայ մասնագետների Ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող «Փրկչի» եկեղեցում։ Խմբի գեղարվեստական ղեկավար Անուշ Ասատրյան-Պետրոսյանի համադրմամբ հենց եկեղեցու հոյակերտ սրահում անցկացվեցին վարպետաց դասեր, որտեղ Բեռլինի հայկական դպրոցի աշակերտները ծանոթացան քանոն և սանթուր երաժշտական գործիքների հետ, լսեցին նրանց ստեղծման, հայ ականավոր քանոնահարների մասին պատմություններ և այդ գործիքների յուրահատկությունների մասին տեղեկություններ, ապա հավաքված հյուրերն առիթ ունեցան անձամբ առաջին փորձերը կատարել վերոնշյալ գործիքների վրա։ Հեքիմյանական սաներից մի քանիսը առիթ ունեցան ևս մեկ անգամ ցուցադրելու իրենց երաժշտական վարպետությունը՝ կատարելով մի քանի համարներ քանոնի և սանթուրի համար։

 

Ապա հավաքված հյուրերը տեղափոխվեցին եկեղեցուն կից պուրակ, որտեղ հայկական տոնական խորովածի սեղանի շուրջ հայկական երաժտությամբ և պարով բոլորը միասին անցկացրեցին հոգեթով ցերեկույթ։ ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանից ժամանած հյուրերին իրենց նվիրումի և հայ մշակույթում ունեցած ներդրումների համար և բաժանեց հյուրերին փոքրիկ հուշանվերներ։ Այդ օրվա վարպետաց դասերը վերածվեցին իրական տոնախմբության։ Հուսով ենք Բեռլինի հայկական դպրոցի սաներից ոմանց մոտ այսուհետ ցանկություն կառաջանա քանոն և սանթուր գործիքների վրա նվագելու մեջ հմտանալու։


Պատկերասրահ