
Այս տարվա գերմանահայկական մշակութային օրերի հերթական միջոցառումը, որ ավանդաբար կազմակերպում է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ–ն (ՀԵՄԱ ՀԿ), տեղի ունեցավ մայիսի 9–ին։ Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանն անցկացվեց «Միջառարկայական ցանցային կապեր և հայկական ինքնություն» խորագրով վարպետության դասեր։

ՀԵՄԱ ՀԿ նախագահ պարոն Միքայել Մինասյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց հրավիրյալ մասնագետներին։ Ներկաներն իրենց ցանկությամբ ընդգրկվեցին նախընտրած դասընթացի խմբում։ Չորս դասերն ընթացան զուգահեռաբար՝ տարբեր սրահներում։ Պատկերասրահում, ուր գեղանկարչական ցուցահանդեսն էր շարունակվում, նկարիչ, քանդակագործ Արտակ Համբարձումյանի փոքրաչափ խաչքարերն էին ցուցադրվում։ Վարպետն իր այդ գործերի օրինակներով հակիրճ բացատրեց խաչքարի կառուցվածքը, զարգացման փուլերը, զարդաքանդակների բաղադրիչների նշանակությունը, տեսակները և այլն։ Այնուհետև իր հետ բերած փոքրածավալ հայկական տուֆ քարերի վրա ցանկացողներին սովորեցրեց քանդակել պարզունակ խաչքար։ Մասնակից հատկապես դպրոցահասակ տղաները մեծ ոգևորությամբ աշխատեցին վարպետի հետ։


Խաչքարը, որ հայկական մշակույթի անբաժան մասն է կազմում, 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ– ի կողմից ճանաչվել և ներառվել է ցանկ՝ իբրև ոչ նյութական արժեք։ Այն մինչ Քրիստոսը մահվան խորհրդանիշ էր, իսկ Քրիստոսից հետո համարվում է փրկության խորհրդանիշ։ Հայկական խաչքարերը բազմատեսակ են։ 4–7–րդ դարերում հորինվածքները պարզունակ էին։ 8-9–րդ դարերում ավելի են զարգանում և տարածում է ստանում կանգնեցվող խաչքարը։ 11–րդ դարից սկսած հանդիպում ենք բարդ հորինվածքով, ասեղնագործ խաչքարերի, որոնց վրա հաճախ հանդիպում ենք կենդանական, բուսական, երկրաչափական, թռչնային և շատ այլ մոտիվների։ Օրինակ՝ բույսերը կյանքի խորհուրդն են ցույց տալիս, թռչունները՝ սուրբ հոգու և այլն։ Արվեստի այս ճյուղն անդադար զարգանում է Հայաստանում՝ ստանալով նոր լուծումներ ու դրսևորումներ։
Հաջորդ սրահում տիկին Գայանե Կուհն–Եղիազարյանն անցկացրեց հայոց լեզվի դաս։ Հայ և օտարերկրացի մասնակիցները ծանոթացան հայոց այբուբենին և լատինատառ հայերենով սովորեցին կարդալ «Գիրքը» բանաստեղծությունը:

Մասնակիցների մյուս խումբը երգարվեստի սիրահարներն էին։ Այստեղ նրանք դաշնակահար, կոմպոզիտոր պարոն Արեգ Առուստամյանի հետ երաժշտության դաս անցկացրեցին։ Ընթացքում սովորեցին միջոցառումների խորհրդանիշը համարվող «Արթնացե՛ք, մարդիկ» երգը, որի խոսքի և երաժշտության հեղինակն է տիկին Սրբուհի Մարտիրոսյանը:
․․․ Արթնացե՛ք մարդիկ, մարդի՛կ աշխարհի,
Մի՛ թողեք, որ իմ Մասիսը լացի,
Նրա արցունքից աշխարհ կհեղվի,
Ու մի նոր ջրհեղեղ կսկսվի։ (երգի կրկներգը)
Վերջին քառատողը՝ Արցախին վերաբերող, նա ավելացրել է 2023 թվականի ահասարսուռ իրողություններից հետո․ «Ինքնաբերաբար ստացվեց, շատ կարճ ժամանակում, երևի ժամերի ընթացքում։ Բնականաբար, անասելի հուզված էի»,-հիշում է Սրբուհին։
Համերգասրահը զբաղեցրել էր պարարվեստի խումբը։ Այստեղ նրանք մշակութային գործիչ Էրիկ Բարսեղյանի հետ սովորեցին սիրված հայկական ազգագրական պարերից մեկը՝ «Կարնո քոչարին»։

«Քոչարին» առհասարակ համառության, ուժի, տոկունության ու ճարպկության խորհուրդ ունի և գալիս է անհիշելի ժամանակներից։ Ըստ էության խոյերի մարտական պարն է։ Պարոն Բարսեղյանն այս պարն է ընտրել, որովհետև սա ամենահայտի հայկական պարն է։ ««Կարնո քոչարին» մեր հայկական ազգային պարարվեստի գոհարներից է և հատկապես, որ այս մշակումը Գագիկ Գինոսյանինն է, ինչ–որ չափով նաև իր հիշատակին հարգանքի տուրք, նախ ինձ համար, իմ ներսում՝ հիշելով արժևորելու նրա թողած ժառանգությունը»,- ասում է նա։
Վարպետության դասերի ավարտից հետո ներկաները հավաքվեցին համերգասրահում։ Այստեղ ժյուրին տեսավ, լսեց, ստուգեց ու գնահատեց մասնակիցների ձեռք բերեած նոր գիտելիքները։ Յուրաքանչյուր խմբից մեկական մասնակից հաղթող ճանաչվեց ու պարգևատրվեց․ հայոց լեզվի խմբից՝ գերմանուհի Անժելա Հյոթը, երգարվեստից՝ Արփի Սարգսյանը, պարից՝ Զիգֆրիդ Բախ–Հայեկը և քանդակագործությունից՝ Սարգիս Սարգսյանը, իսկ խրախուսական մրցանակը տրվեց Արամե Կոստանյանին։ Խաչքարագործ պարոն Արտակ Համբարձումանն էլ իր աշխատանքներից իբրև երախտիքի նշան նվեր հանձնեց պարոն Միքայել Մինասյանին։

Մշակութային օրերի հաջորդ միջոցառումը համերգային ծրագիրն էր։ Մայիսի 17-ին Կարլսհորստ մշակույթի տան համերգասրահում հանդես եկավ «Նաիրյան» վոկալ անսամբլը։
Երեկոն սկսվեց մեկ րոպե հոտնկայս լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ապա ցուցադրվեց Սրբուհի Մարտիրոսյանի «Արթնացե՛ք մարդիկ, մարդի՛կ աշխարհի» երգի տեսահոլովակը։
Միջոցառման կազմակերպիչ պարոն Միքայել Մինասյանը ողջունելով հանդիսատեսին՝ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և որպես երախտագիտություն միջոցառման հովանավոր պարոն դր․, պրոֆ․ Մարտին Պետցոլդին և ՀՀ Սփյուռքի գրասենյակի հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանին նվիրեց գերմանահայկական մշակութային օրերի նախորդ ինը տարիները ներկայացնող պատկերագիրքը։

Պարոն Սինանյանը ելույթի իր խոսքում, շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին, նշեց, որ այս միջոցառումները հանդիսանում են կարևոր հարթակ՝ մեր երկու ժողովուրդների միջև երկխոսությունը խթանելու, երկկողմ կապերն ամրապնդելու, միմյանց ճանաչելու և բարեկամության կամուրջներ կապելու համար։ Իսկ այդ հարցում առանցքային դերակատարում ունի Գերմանիայի հայկական համայնքն՝ իր բոլոր կառույցներով։
Մշակութային օրերի հովանավորներից, Բեռլինի պատգամավորական տան անդամ պարոն դր․, պրոֆ․ Մարտին Պետցոլդն էլ ուրախությամբ նշեց, որ հպարտ է ներկա գտնվելու մշակութային օրերի հոբելյանական 10-ամյակի միջոցառումներին․ «Ուրախ եմ, որ կրկին կարող ենք վայելել այս բարձր մշակույթը։ Սիրելի՛ Միքայել, հիշում եմ, որ բազում անգամներ ծնողներիս տանը մայրիկիս հետ (լուսահոգի Ալինա Մարտիրոսյան) այս մտադրության մասին էիր խոսում, որը դարձավ ավանդույթ։ Ցավոք, մայրս այստեղ չի, բայց վերևից տեսնում է, թե այս գերմանահայկական օրերը ինչ զարգացումներ են ստացել։ Սա հնարավորություն է վայելելու հայկական հրաշալի մշակույթը։ Բայց նա, ով ավելին է ուզում, ես խորհուրդ եմ տալիս ուղիղ չվերթով այցելել Հայաստան՝ տեսնելու հայկական հուշարձանները, եկեղեցիները, խոհանոցը, կարճ ասած, ամեն բան։ Ես իբրև գերմանացի՝ հայկական արմատներով, լավ գիտեմ, թե ինչ է բերել քսաներորդ դարի սկիզբը մեր հայ ժողովրդին․ գենոցիդը, որտեղ Գերմանիան լավ դեր չի խաղացել։ Ես՝ որպես բունդեսթագի պատգամավոր, հույս ունեմ, որ մշակույթի միջոցով մարդիկ իրար հետ համագործակցելով՝ կսկսեն խուսափել հակամարտություններից։ Եվ սա երկու երկրների միջև գեղեցիկ կամուրջ կապելու միջոց է»։
Համերգի ողջ ընթացքում բեմի հետնամասում լուսանկարներով ցուցադրվեց Բեռլինում գերմանահայկական մշակութային օրերի տասը տարիների աշխատանքը, որը, կարծես, հաշվետվություն էր հանդիսատեսին։
«Նաիրյան» վոկալ անսամբլի երգչուհիները՝ Ելենա Ազարյանը, Աննա Մինասյանը, Ալիսա Մանուկյանը և Նաիրա Մուղդուսյանը, կատարեցին սիրո և հայրենիքի թեմաներով հայկական ժողովրդական բազմաթիվ սիրված երգեր։ Որոշները զուգահեռաբար ներկայացրեցին նաև ժեստերի լեզվով։ Համերգի երկրորդ մասում հնչեցին անսամբլի կողմից մշակված մի շարք գործեր։ Նրանց կատարումներն այնքան բուռն արձագանք ստացան, որ հանդիսատեսն ավարտին նորից ու նորից խնդրեց՝ ևս մեկը, ևս մեկը։ Խումբն անշուշտ չմերժեց։

«Նաիրյան» վոկալ անսմաբլը ստեղծվել է 2015 թվականին «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում։ 2018–ից սկսած նրանք իրենց կատարումները թարգմանվում են նաև ժեստերի լեզվով, որ հասանելի լինի նաև խուլ մարդկանց։ Անսամբլի պրոդյուսեր լրագրող, նկարչուհի տիկին Մարիամ Մուղդուսյանի հավաստմամբ խմբի հիմնական նպատակն է հանրահռչակել հայ դասական երաժշտությունը․ «Ասելը կարծես ավելորդ է, որ այստեղ՝ օտար երկրում, հայ մնալու նախապայմաններից մեկն է հայ երգարվեստը»։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանի խոսքերով․ «Թաքնված ինչ–որ հմայք կա, որ այս երգերը տանում են մեզ դեպի իրենց, մեր մեջ արթնացնում մեր ազգային ակունքները։ Եթե մենք կորցնենք մեր ներքին զգացողությունն ու դիմագիծը, թե ով ենք մենք եղել, ապա ո՞ւմ ենք նման լինելու։ Հատկապես մեր օրերում կարևորում ենք այս երգերի հնչեցնելը»։
Զրուցակցիս հավաստմամբ տասը տարվա աշխատանքն իր շոշափելի արդյունքը տվել է։ Արդեն ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում կա պահանջարկը, ընդ որում թե՛ հայրենակիցների, թե՛ օտարների կողմից․ «Վաղը համերգով պիտի ներկայանանք Նյուրնբերգում, հետո մի քանի օրից Շվեյցարիայում, սա անշուշտ թե՛ ոգևորող է, և թե՛ պատասխանատու»։
Ստեղծման առաջին տարիներին նրանք կատարել են կոմպոզիտորական դպրոցի երգերը՝ հինականում կոմիտասյան, դրանք ավելի ճանաչելի, սիրելի ու լսելի դարձնելու նպատակով։ «Հետո նկատեցինք, որ մեր ավանդական երգերն ավելի շատ են աղավաղվում։ Հենց այդ պատճառով որոշեցինք ինքներս պահպանել այն, ինչ ունենք։ Երգերն ընտրելիս հաշվի եմ առնում, թե դրանք ինչպես են մատուցվում ու նաև մեր խմբի հնարավորությունները։ Այս բազմաձայնությանը վերջին տարիներին ենք եկել։ Մենք փորձում ենք առավելագույնս պահպանել հիմնական գիծը՝ լինել տիպական հայկական»,– մեզ հետ զրույցում նշեց անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը։

Այս տարվա գերմանահայկական մշակության օրերի եզրափակիչ միջոցառումը ևս վերապահված էր երեխաներին։ Այն տեղի ունեցավ հունիսի 1–ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Ցերեկույթի մեկնարկին մշակութային օրերի կազմակերպիչ Միքայել Մինասյանը ողջունելով հյուրերին ներկայացրեց ծրագիրը և բեմ հրավիրեց Բեռլինի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Հակոբյանին։ Տերունական աղոթքը ներկաների հետ միասին հոտնկայս հնչեցնելուց հետո, նա շնորավորեց երեխաներին իրենց տոնի կապակցությամբ։ «Սիրելի՛ երեխաներ, իմ աղոթքն ու մաղթանքն է, որ ինչքան էլ դուք առաջադեմ լինեք մտքով և ֆիզիկապես, լավ կլինի, որ մանկությունից ունեցած մաքուր սիրտը պահեք, որովհետև այդ մաքուր սրտում է ապրում ճշմատությունը, արդարությունն ու գեղեցկությունը։ Այսօրվա այս հեքիաթային ներկայացումն էլ, որ կազմակերպվել է, այն բանի համար է, որ դուք դրա միջոցով ճանաչեք արդարությունը, բարին և չարը տարբերեք իրարից։ Ու թող ձեր ծնողները իմաստությամբ ձեզ դաստիարակեն»,– իր խոսքում նշեց քահանա Հակոբյանը։

ՀԵՄԱ ՀԿ–ին կից կիրակնօրյա հայկական դպրոցի սաները ուսուցչուհիներ Նվարդ Ամիրխանյանի և Գայանե Եղիազարյանի ղեկավարությամբ ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի բեմականացումը և պարեցին «Կարնո» քոչարին։
Արդեն տասը տարի է, որ Բեռլինում այս մշակութային օրերն անց են կացվում։ Տեղի են ունեցել զանազան միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, դասախոսություններ, համերգներ, ներկայացումներ և այլն՝ ցույց տալու հայկականը և ծանոթացնելու մեր բազմաշերտ մշակույթին։ «Մենք անգամ նաև քաղաքական հարցեր ենք քննարկել։ Օրինակ՝ առաջին տարում Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ այնպիսի միջացառումներ կազմակերպեցինք, որ ցույց տալով մեր դառն անցյալը, աշխարհը մի քայլ ավելի լավը դարձնենք։ Այս մտայնությամբ էլ շարունակում ենք առաջ շարժվել»,– իր խոսքում նշեց պարոն Միքայել Մինասյանը և մեկ անգամ ևս շնորհակալոթյուն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս միջոցառումների կայացամանը, որոնց շնորհիվ երկու երկրները ավելի են մերձեցել իրար՝ Լիխտենբերգի թաղապետ պարոն Մարտին Շեֆերին, Բեռլինի պատգամավորական տան անդամ, դր․, պրոֆ․ պարոն Մարտին Պետցոլդին, Կարլսոհրստի մշակույթի տան և ՀԵՄԱ ՀԿ–ի ողջ անձնակազմին։
Գայանե Առաքելյան
Բեռլին


Ավելին՝ այստեղ․ https://orer.eu/hy/2025/06/03/berlin-mshakutayin-orer-2025-june/