10.11.26 / 18:48
ABC MEDIA

Համահայկական գագաթնաժողովի շրջանակում անցկացվող էքսպո ցուցահանդեսը մի հարկի տակ է համախմբել տարբեր երկրներում գործող հայկական կազմակերպությունների և մասնագետների։ Նրանց միավորում է մի նպատակ՝ Սփյուռքի ներուժը ծառայեցնել Հայաստանի զարգացմանը։
Այս ուղղությամբ է աշխատում նաև Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան, որը համախմբում է եվրոպական երկրներում գործունեություն ծավալող հայ մասնագետներին։
Ցուցահանդեսում ասոցիացիայի ղեկավար Միքայել Մինասյանը ներկայացնում է իր հեղինակած «Սփյուռք-Հայաստան ենթակառուցվածքների համակցման տեսություն» մենագրությունը։ Աշխատության հիմքում Հայաստանի և Սփյուռքի կրթական, գիտական, տնտեսական, մշակութային ու հասարակական ներուժը մեկ միասնական համակարգում համախմբելու գաղափարն է։
Հեղինակն առաջարկում է համահայկական համակարգի կառուցման հայեցակարգ, որի շրջանակում Հայաստանն ու Սփյուռքի տարբեր համայնքներ կպահպանեն իրենց ինքնուրույնությունն ու առանձնահատկությունները՝ միաժամանակ ձևավորելով փոխլրացնող ենթակառուցվածքային միջավայր՝ ընդհանուր ռազմավարական նպատակների շուրջ։
Մինասյանի խոսքով՝ տեսական մոտեցումը հիմնված է նաև գիտական աշխարհում հայտնի բազմակենտրոն կառավարման համակարգի սկզբունքների վրա, որը կապվում է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլինոր Օստրոմի աշխատությունների հետ։ Հայեցակարգի կարևոր բաղադրիչներից է նաև առաջարկվող համահայկական դաշինքի լեգիտիմության ապահովման հարցը։
ABC Media-ի հետ զրույցում Միքայել Մինասյանն ասաց, որ հայեցակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2000 թվականին, երբ նախագիծը ներկայացրել է Եվրոպահայերի ասամբլեայում։ Այդ ժամանակ քննարկման առանցքում Սփյուռքի միավորման ձևաչափն էր։ Հեղինակը կողմնակից էր նաև Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները հավասարության և փոխշահավետության սկզբունքներով կառուցելուն։
Հետագա տարիներին հայեցակարգը պարբերաբար վերամշակվել և հարմարեցվել է քաղաքական զարգացումներին։ Այս ընթացքում փոփոխվել են նաև որոշ սկզբունքներ ու մոտեցումներ։ Այս տարի, ինչպես նշում է Մինասյանը, աշխատանքն ամբողջացվել է։ Նա գաղափարը փորձել է կյանքի կոչել նաև գործնական քայլերով։ Այդ նպատակով Բեռլինում հիմնադրել է Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան, ինչպես նաև ստեղծել մասնագիտական համագործակցության թվային հարթակ։
Ասոցիացիայի ղեկավարը նշեց նաև, որ մենագրության նպատակն է առաջարկել Հայաստանի և Սփյուռքի ներուժը համադրելու համակարգային մոտեցում, որը կարող է հիմք դառնալ համահայկական համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման համար։
Սփյուռքի ներուժը՝ Հայաստանի զարգացմանը․ ներկայացվել է նոր հայեցակարգ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/312142/



ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են