IMG-LOGO

Գերմաներեն–հայերեն իրավաբանական բառարան

12-02-2026
IMG
Լույս է տեսել «Գերմաներեն–հայերեն իրավաբանական բառարան»-ը՝ գիտական և գործնական նշանակություն ունեցող աշխատություն, որը համակարգված, ճշգրիտ և կիրառական ուղղվածությամբ առաջին անգամ համապարփակ ձևով միավորում է գերմաներեն և հայերեն իրավաբանական տերմինաբանությունը։
 
Սույն բառարանը լրացնում է երկար տարիներ առկա մասնագիտական բացը և պարունակում է ավելի քան 10 000 մասնագիտական եզրույթ իրավունքի հիմնական ճյուղերից՝ քաղաքացիական, քրեական, վարչական, սահմանադրական, ինչպես նաև եվրոպական միության և միջազգային իրավունքի ոլորտներից։
 
Բազմաթիվ եզրույթներ ոչ միայն թարգմանվում են, այլև ենթարկվում իրավաբանական մեկնաբանության, համակարգային դասակարգման և ուղեկցվում համապատասխան օրենսդրական հղումներով՝ դրանց բովանդակությունն ու գործառույթը համապատասխան իրավակարգում հստակեցնելու նպատակով։
 
Բառարանի բովանդակային կարևոր առանձնահատկություններից է ավելի քան 100 լատինական իրավաբանական եզրույթի ներառումը։ Դրանք ներկայացվում են երկակի թարգմանությամբ՝ նպաստելով եվրոպական իրավական մշակույթի ընդհանուր պատմական հիմքի բացահայտմանը և դրա կիրառելիությանը ժամանակակից իրավակիրառական գործունեության մեջ։
 
Բառարանը հասցեագրված է իրավաբաններին, գիտնականներին, ուսանողներին և թարգմանիչներին։
 
Շնորհակալություն ենք հայտնում սույն աշխատության համախմբագրին՝ Դոկտոր Գուրգեն Պետրոսյանին, ինչպես նաև հեղինակներին՝ Արաքսյա Առաքելյանին, Անիտա Գրիգորյանին, Հասմիկ Գրիգորյանին, Արփի Կույումջյանին և Հովիկ Մարտիրոսյանին՝ նրանց բարձր մասնագիտական մակարդակով, պատասխանատվությամբ և նվիրումով իրականացված աշխատանքի համար։
 
Շնորհակալություն ենք հայտնում նաև Գերմանա-Հայկական իրավաբանների միությանը (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V.)՝ ցուցաբերած արժեքավոր աջակցության համար։